ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում նախօրեին տեղի ունեցած բուռն եւ արյունալի մարտերից հետո իրավիճակը հոկտեմբերի 26-ի առավոտյան հանգիստ է. ամենուրեք ամայություն եւ լռություն է տիրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյան` հույս հայտնելով, որ այսպես էլ կշարունակվի:
Ռեյիսյանը տեղեկացեց, որ հոկտեմբերի 25-ին բախումներ տեղի ունեցած Աշրաֆիե եւ Ջալաա թաղամասերում այժմ կրակոցներ եւ պայթյունների ձայներ չեն լսվում: Իսկ բախումների հետեւանքով մինչեւ այժմ, բարեբախտաբար, հայ տուժածների անուններ չկան:
Անդրադառնալով Զոհաբերության` Այդ ալ Ադհա մուսուլմանական տոնին` Ռեյիսյանը նշեց, որ սովորաբար տոնի ժամանակ մարդիկ աղոթք են անում մզկիթներում, ապա ուղեւորվում գերեզմանատուն: Տոնի ժամանակ ոչխար կամ կով են զոհաբերում, եւ դա բաժանում աղքատների մեջ: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ արարողություններ կկատարվեն այս տարի:
Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ օդանավի վերաբերյալ մամլո խոսնակը տեղեկացրեց, որ օգնության ծանրոցները դեռ օդանավակայանում են, քանի որ փաստաթղթային աշխատանքները դեռեւս չեն ավարտվել:
Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: