ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի թաղամասերումմի քանի օր շարունակ տիրող հանգիստ իրավիճակին հակառակ հոկտեմբերի 25-ի առավոտյան անակնկալ կերպով բուռն կրակոցներ սկսվեցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ ընդդիմադիրները փորձել են թափանցել որոշ թաղամասեր, որտեղ նաեւ հայեր են բնակվում: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ փոխհրաձգությունը շարունակվում է մինչեւ այժմ, սակայն հստակ պատկեր չի երեւում պատճառված վնասների, ինչպես նաեւ մարդկային կորուստների վերաբերյալ: Բանակն ամեն կերպ փորձում է հետ մղել ընդդիմադիրներին:
Անդրադառնալով Աշրաֆիե թաղամասում տեղի ունեցող բախումներին` Ռեյիսյանը նշեց, որ թաղամասում քիչ թվով հայեր են բնակվում, եւ նախորդող օրերին առավել հանդարտ թաղամասն այժմ ներառվել է բախումային շրջանների մեջ: Ինչ վերաբերում է հայաշատ Նոր Գյուղ թաղամասին, ապա այնտեղ առավել մեծ վտանգ են ներկայացնում դիպուկահարները, «մինչ այժմ, բարեբախտաբար տուժածներ չկան»:
Հայաստանից Հալեպ հասած մարդասիրական օգնության օդանավի ուղեբեռը դեռեւս օդանավակայանում է, եւ դրա դուրս բերման աշխատանքներ են իրականացվում:
Ռեյիսյանի տեղեկացմամբ` Ազգային առաջնորդարանին պատկանող հայկական դպրոցներն ապահովության նկատառումներից ելնելով, ցավոք, դեռեւս փակ են: Իսկ որոշ դպրոցներ մասամբ գործում են:
Դամասկոսահայերից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում իրավիճակը հանգիստ է: Քաղաքում իրավիճակը,սակայն,խիստ հսկողության տակ է, խուզարկվում են բոլոր մեքենաները: Լարվածություն է նկատվում Դամասկոսի ծայրամասերում, սակայն մեծ միջադեպեր չեն արձանագրվել:
Ֆեյսբուքյան«Հալեպի լրատվական ցանց» էջից տեղեկացանք, որ ընդդիմադիրները Սրյանի թաղամասից նահանջել են եւ հասել ֆրանսիական հիվանդանոցի մոտ: Աշրաֆիիե թաղամասում դիպուկահարները տարածվել են շենքերի մեջ:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: