Միջազգային

Հալեպում դիպուկահարի գնդակից հայ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում դիպուկահարի գնդակից հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Նոր գյուղ հայաշատ թաղամասում հոկտեմբերի 24-ի առավոտյան դիպուկահարի արձակած փամփուշտից հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ վիրավորվածը Ղազար Ղազարյանն է: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ փամփուշտը բավական լուրջ վնասվածք է հասցրել Ղազար Ղազարյանի ոտքերին: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա վիրահատվել է, եւ ենթադրվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բացի այդ, Ռեյիսյանի տեղեկացմամբ, դիպուկահարի կողմից եւս մեկ փամփուշտ է արձակվել մեկ այլ հայի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, փամփուշտը նրան չի վնասել:

Վերջին շրջանում դիպուկահարները Հալեպի տարբեր թաղամասերում, այդ թվում` Նոր գյուղի շրջանում, մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար: Ուստի կոչ է արվում զգուշավորություն պահպանել եւ վտանգավոր վայրերում չհայտնվել:

Անդրադառնալով Հայաստանից Հալեպ ժամանող մարդասիրական օգնության երկրորդ օդանավին` Ռեյիսյանը նշեց, որ Հալեպի շտապ օգնության մարմինն անհրաժեշտ աշխատանքներ է տանում բեռը ստանալու եւ այն օդանավակայանից տեղափոխելու ուղղությամբ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում