Միջազգային

Ժիրայր Ռեյիսյանը հերքում է Հալեպի Սբ Գեւորգ եկեղեցու այրվելու լուրը

2 րոպեի ընթերցում

Ժիրայր Ռեյիսյանը հերքում է Հալեպի Սբ Գեւորգ եկեղեցու այրվելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում այժմ իրավիճակը թեպետհանգիստ է, սակայն «անակնկալները» միշտ էլ սպասելի են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ հայաշատ թաղամասերում անորոշություն է տիրում:

Ռեյիսյանը հերքեց այն տարածված լուրը, թե Հալեպի Սուրբ Գեւորգ եկեղեցին այրվել է: «Այս լուրն իրականությանը չի համապատասխանում: Սուրբ Գեւորգ եկեղեցին սահմանագծային շրջան է ընդդիմադիրների եւ զինված ուժերի բախումների համար, սակայն այն չի հրդեհվել: Եկեղեցուն կից վառելանյութի տակառ է եղել, որի վրա ընկած փամփուշտից տակառն է սկսվել այրվել»,-տեղեկացրեց նա: Ռեյիսյանը նշեց նաեւ, որ հայկական եկեղեցու դիմաց օտարազգի մայրապետներին պատկանող մատուռ կա, որտեղ եւս հրդեհ է բռնկվել, սակայն այն լուրջ վնասներ չի կրել, եւ տեղի ունեցածը եկեղեցու հետ կապ չունի:

Հայաշատ Նոր գյուղ թաղամասը գրեթե ամայի է եւ լռություն է տիրում: Իսկ քրիստոնեական Սուլեյմանիե թաղամասում բախումներ չկան, կյանքը փոքր-ինչ աշխույժ է, այդուհանդերձ, շրջանը հսկվում է զինվորների կողմից:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկացանք, որ կառավարական ուժերին հաջողվել է չեզոքացնել ականապատ մեքենան, որի մեջ մեկ տոննա կշռող պայթուցիկ նյութեր են եղել:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում