ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակային մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած դրությունը փոքր-ինչ լարված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ զինված խմբավորումները փորձել են մոտենալ Նոր Գյուղ հայաշատ թաղամասին, սակայն նրանց չի հաջողվել մուտք գործել այնտեղ: «Ընդհանուր առմամբ, այս պահին իրավիճակի փոփոխություն չկա եւ զգուշավորություն է տիրում: Բանակը դիրքավորվել է թաղամասում, սակայն ընդհարումներ տեղի չեն ունենում: Միայն ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում»,-ասաց Ռեյիսյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանից Հալեպ հասած օգնության ծանորցներին, ապա մամլո խոսնակի տեղեկացմամբ` բաշխման գործընթացը դեռ շարունակվում է եւ չի ավարտվել:
Անդրադառնալով Հալեպի տնտեսական իրավիճակին` Ռեյիսյանը նշեց, որ քաղաքը գրեթե շրջափակված է, ուստի դրական փոփոխություններ այժմ չեն կարող լինել: «Տնտեսական նույն ծանր վիճակն է քաղաքում, աշխատատեղերը շարունակում են փակ մնալ, բազմաթիվ հաստատություններն ավերված վիճակում են: Չնայած դրան` մարդիկ փորձում են ուղիներ գտնել այլ վայրերից բանջարեղեն կամ այլ մթերքներ գնել, հասցնել Հալեպ եւ վաճառել»,-ավելացրեց Ռեյիսյանը:
Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: