Միջազգային

Սիրիացի ապստամբերի թվում խաղաղ բնակության դեմ կռվում են ադրբեջանցիներ եւ թուրքեր. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Սիրիացի ապստամբերի թվում խաղաղ բնակության դեմ կռվում են ադրբեջանցիներ եւ թուրքեր. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կրակոցների եւ պայթյունների ձայներ թեպետ լսվում են, սակայն հայկական թաղամասերից հեռու: Ռեյիսյանը նշեց, որ շարունակվող կրակոցներից եւ պայթյուններից հայկական հաստատություններ չեն վնասվել: Մարդիկ փորձում են վերադառնալ իրենց նախկին կյանքին:Անդրադառնալով Հայաստանից Հալեպ հասած օգնության ծանրոցներին, Ռեյիսյանն ասաց` դրանք արդեն մի քանի օր է բաշխվում են բնակիչներին: Ծանրոցների մեծ մասն արդեն բաժանվել է:

Օրեր առաջ սիրիական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ սպանված զինյալների թվում մեկ ադրբեջանցի կա: Այդ առիթով Ռեյիսյանը տեղեկացրեց, որ Աթարիբ գյուղում սպանված զինյալների թվում է եղել Ադրբեջանի քաղաքացի Խադին Քազլին: Նա նշեց, որ բացի ադրբեջանցիներից, սիրիական զինյալ ապստամբների թվում նաեւ թուրքեր կան:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները շարունակվում են Հոմսի շրջանում: Հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան նաեւ գիշերը Սուլուտանիա թաղամասում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել, առգրավել են նրանց զենքերը:

Զինյալների դեմ պայքարը շարունակվել է նաեւ Դեր Զորում: Հուսեյնիա գյուղում բախումների հետեւանքով մեծ թվով զինյալներ են ոչնչացվել: Բացի այդ ոչնչացվել են զենքեր տեղափոխող մեքենաներ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում