Սիրիայի զինված ուժերը կանխել են զինյալների կողմից կազմակերպվող պայթյունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը կանխել են զինյալների կողմից կազմակերպված հնարավոր պայթյունը: Զինյալները գրեթե երկու տոննա կշռող պայթուցիկ սարքավորում են տեղադրել Իդլեբ-Սալկին ճանապարհի խաչմերուկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Իդլեբի շրջանի Մաարաթ ան Նուման գյուղում զինյալները Կառավարական ուժերի դեմ պայքարում մեծ կորուստներ են կրել:
Հոմսում զինված ուժերը տասնյակ զինյալներ են ոչնչացրել, նրանց թվում` օտարազգի վտանգավոր վարձկաններ:Հալեպի Բաբ ալ Հադիդ եւ Քարամ Ջաբալ շրջանում, ինչպես նաեւ մոտակա գյուղերում ոչնչացվել են զինյալների զենքերով լի մեքենաները:Զինյալների դեմ բախումները շարունակվել են նաեւ Համայի շրջանում:
Ալ Ջազիրա-ն տեղեկացնում է, որ սիրիական բանակը հոկտեմբերի 19-ի առավոտյան շարունակել է օդային հարվածներ հասցնել Հալեպի եւ այլ քաղաքների տարբեր շրջաններին: Կայքի տեղեկացմամբ` հոկտեմբերի 18-ին Սիրիայի տարածքում, մասնավորապես, Իդլեբում եւ Դամասկոսի գյուղերում, 230 մարդ է զոհվել: «Ազատ բանակը» եւս վճռական հարձակման է անցել Իդլեբում կառավարական ուժերի ռազմակետերի վրա:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: