Միջազգային

Հալեպում առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Հալեպում առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հոկտեմբերի 19-ի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել, սակայն դրանց հետեւանքով հայկական, ազգային հաստատությունների եւ շինությունների նյութական վնասների մասին դեռեւս տեղեկություններ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ կրակոցների եւ պայթյունների ձայները հեռվից են լսվել, ոչ հայկական թաղամասերից:

Ռեյիսյանի խոսքով` հայկական թաղամասերում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մարդիկ փորձում են վերադառնալ իրենց առօրյային: Այնուհանդերձ, դրա հետ մեկտեղ տեղի բնակիչները շատ զգուշավոր են, իսկ մայրամուտից հետո հազվադեպ կարելի է փողոցներում մարդ տեսնել:

Հալեպահայերն իրենց ֆեսբուքյան էջում եւս նշել են, որ հոկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 4-ից սկսվել է ռմբակոծությունը: Նրանքտեղեկացնում են նաեւ, որ հոկտեմբերի 18-ին հայաբնակ թաղամասերում ավելի հանգիստ է եղել, փողոցներում արդեն ճանապարհային ոստիկաններն են, երթեւեկությունը սկսել է կարգավորվել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի մոտակայքում գտնվող Աթարիբ եւ Սաֆիրա գյուղերում զինված ուժերը մեծ թվով զինյալներ են ոչնչացրել, առգրավվել են նրանց զենքերը: Աթարիբ գյուղում սպանված զինյալների թվում է եղել նաեւ Ադրբեջանի քաղաքացի Խադին Քազլին:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում