Միջազգային

Հալեպում եւ Դամասկոսի գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել եւ ոչնչացվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում եւ Դամասկոսի գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել եւ ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի գյուղերից մեկում 16 անձինք, որոնք ներգրավված են եղել ընդդիմադիր շարժման մեջ, հանձնվել է իշխանություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին` մեծ վնասներ հասցնելով նրանց:Հալեպի Դաուար Աաբադին շրջանում ոչնչացվել են զինյալներին պատկանող մեքենաներ, որոնց մեջ, բացի զենքից, զինյալներ են եղել:

Մեկ այլ` Սախուր շրջանում հայտնաբերվել է զինյալների թաքստոց, ոչնչացվել է նրանց մեքենան, սպանվել են զինյալներ: Նրանց թվում նաեւ օտարազգի զինյալներ են եղել:

Դամասկոսի մոտակայքում գտնվող Ղուտայի շրջանի Ջիսրին գյուղում զինված ուժերը զինված խմբավորման տասնյակ անդամների են ոչնչացրել:

Համայի Աակրիբաթ շրջանի Մասուդ գյուղում ոչնչացվել է զինյալներ տեղափոխող մեքենա, նրանցից մի քանիսը սպանվել են, իսկ որոշները` ձերբակալվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը հոկտեմբերի 17-ի առավոտյան ռմբակոծել են Հոմսի շրջանի Կուսեյր քաղաքը, ինչպես նաեւ Հալեպի եւ Լաթաքիայի շրջանները` պատճառ դառնալով 19 զոհերի:

Կայքի տեղեկացմամբ` ռմբակոծության հետեւանքով բնակելի շինություններ են ավերվել: Միայն հոկտեմբերի 16-ին Սիրիայի տարածքում 103 մարդ է զոհվել, այդ թվում` 6 երեխա:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում