Միջազգային

Հալեպում երկու հայ երիտասարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում երկու հայ երիտասարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սեյյիդ Ալի թաղամասում տեղի ունեցած բախումների հետեւանքով երկու սիրիահայ երիտասարդներ են զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը: Երիտասարդներից մեկը 38-ամյա Օվսենթ Սալիբան է, իսկ մյուսը` 31-ամյա Միսաք Քահաբյանը: Ինչ վերաբերում է վիրավորված երրորդ հային` Շանթ Տեր-Մղսյանին, ապա նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:Ռեյիսյանի խոսքով` հայ երիտասարդները կամավոր ընդգրկվել էին բանակի ուժերին կից ստեղծված թաղային պաշտպանության ջոկատներում:

Մամլո խոսնակընաեւ տեղեկացրեց, որ Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում են ռմբակոծությունները:«Այս պահին եւս լսելի են պայթյունների ձայներ: Նոր գյուղի շրջանի ծայրամասում հոկտեմբերի 15-ին պայթյուններ են տեղի ունեցել, սակայն թաղամասի հիմնական մասը համեմատաբար հանդարտ է: Բնակիչներն ավելի զգուշությամբ են երթեւեկում` զգուշանալով դիպուկահարներից»,-նշեց Ռեյիսյանը:

Հալեպի Շտապ օգնության մարմինը մեկնել է օդանավակայան` ստանալու Հայաստանից ուղարկված օգնության ծանրոցները, որոնք պետք է բաժանվեն ոչ միայն հայերին, այլեւ շրջանի բոլոր կարիքավորներին:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում