Սիրիայի տարածքում մեծ թվով զինյալներ են ոչնչացվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Զինված ուժերը Հոմսի Թադլու գյուղում ոչնչացրել են զինված խմբավորումների զինյալներին պատկանող երկու մեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են նաեւ տասնյակ զինյալներ:
Զինյալների դեմ պայքարը շարունակվել է նաեւ է Թալակախ քաղաքում, որտեղ զինյալները փակել էին քաղաքացիների ճանապարհները: Բախումների արդյունքում զինյալները լուրջ կորուրստներ են կրել:Տասնյակ զինյալներ են ոչնչացվել նաեւ Ռակկայի Թել Աբյադ եւ Սուլուք շրջաններում:
Մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող Ղուտայի շրջանի Մահմուդիա գյուղում կրկին զինյալների մեքենաներ են ոչնչացվել:
Հալեպի Ալ Մուհադիասին շրջանում զինված ուժերը թռչնաբուծական ֆերմայի մոտակայքում հարձակվել են զինյալների թաքստոցի վրա` լուրջ վնասներ հասցնելով նրանց:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին Սիրիայի տարածքում զոհվել է 123 մարդ, որոնց մեծամասնությունը Հալեպում, Իդլեբում եւ Դարաայում:
Կայքը տեղեկացնում է, որ բախուիմները շարունակվել են նաեւ Հալեպի Խան ալ Ասլ եւ Օմարիա շրջաններում: Ընդդիմադիրների խոսքով` նրանց հաջողվել է Խան ալ Ասալ շրջանում ոչնչացնել կառավարական 4 տանկեր:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: