ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ազատ բանակի դիպուկահարի արձակած գնդակից Սիրիայի քաղաքացիներ են վիրավորվել, նրանց թվում` մեկ հայ, ում անունը չի նշվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակԺիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել հայաշատ Նոր Գյուղի թաղամասի մզկիթի մոտակայքում: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ մեր հայրենակիցն արդեն տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ. «վիճակը մտագոհիչ չէ»:
Ռեյիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը Հալեպի հայաշատ եւ քրիստոնեական թաղամասերում հանգիստ է, սակայն անակնկալներ միշտ էլ սպասելի են: Նրա խոսքով` բախումները շարունակվում են ծայրամասային թաղամասերում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները Հալեպի մի քանի թաղամասերում շարունակվել են նաեւ այսօր: Ասքար Կադի հրապարակում Ակնաբուժական հիվանդանոցի մոտակայքում հայտնաբերվել եւ ոչնչացվել են զինյալների վեց մեքենաներ տարբեր տեսակի զենքերով: Արդյունքում զինյալներ են ձերբակալվել եւ ոչնչացվել:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: