ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ թաղամասերում մարտերը կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացելով, որ բարեբախտաբար քրիստոնեական, ինչպես նաեւ հայաշատ թաղամասերում իրավիճակը բավական հանդարտ է, մարդիկ փորձում են նախկին կյանքին վերադառնալ: Բախումները շարունակվում են նաեւ Բուսթան Բաշա թաղամասում եւ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով մեծ վնասներ է կրել Հալեպի պատմական նշանակություն ունեցող Օմայան մզկիթը, որը նախկինում եկեղեցի է եղել:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Հալեպի ալ Արքուբ շրջանում դիպուկահարի գնդակից զոհված Մինաս անունով հային, Ռեյիսյանը տեղեկացրեց, որ նա ավերված շրջան է մեկնել` պարզելու, թե ինչ վիճակում է իր աշխատավայրը` խանութը, միեւնույն ժամանակ Մինասը համոզված է եղել, որ շրջանը բանակի հսկողության տակ է... «Ցավոք, երիտասարդն այրի կին եւ երկու երեխա է թողել»,- նշեց մամուլի քարտուղարը:Հոկտեմբերի 10-ին Մինաս Սազյանի դիակն արդեն դուրս էր բերվել Արքուբի շրջանից:
Ինչ վերաբերում է բախումների հետեւանքով տուժած հայերին, ապա Ռեյիսյանի տեղեկացմամբ, Շտապ օգնության մարմինը, որն իր մեջ ներառում է հայկական հոգեւոր երեք համայնքների ներկայացուցիչների, ջանքեր չի խնայում ամեն կերպ օգնելու մեր հայրենակիցներին, այդ թվում բնակարաններ նորոգելու, գումար տրամադրելու, վիրավորներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու հարցերում:
Դամասկոսի մեր հայրենակիցները տեղեկացրին, որ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում բախումներ չկան, դրանք միայն մերթ ընդ մերթ շարունակվում են ծայրամասերում, որտեղ, բարեբախտաբար, մեծ անակնկալներ չեն գրանցվել:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: