Միջազգային

Դիպուկահարի կրակոցից Հալեպում հայ երիտասարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Դիպուկահարի կրակոցից Հալեպում հայ երիտասարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ալ Արքուբ շրջանում հոկտեմբերի 10-ին հայ երիտասարդ է զոհվել ազատ բանակի դիպուկահարի արձակած կրակոցից:Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը, նախնական տվյալներով, հայազգի Մինաս Սազյանն է:

Ռեյիսյանը նաեւ ավելացրեց, որ հայ երիտասարդի հետ զոհվել է նաեւ նրա ընկերը, ով հայ չէ:

Հալեպի Արքուբ շրջանը բնակելի թաղամաս չէ, այն ավելի շատ հայտնի է իր աշխատանքային վայրերով, որտեղ կան նաեւ բազմաթիվ հայապատկան հաստատություններ:

Ինչ վերաբերում է Հալեպի ընդհանուր իրավիճակին, ապա կենտրոնական, ինչպես նաեւ հայաշատ թաղամասերում, Ռեյիսյանի տեղեկացմամբ, համեմատաբար հանգիստ է:

Վերջին շրջանում Հալեպ քաղաքում դիպուկահարները մեծ թվով մարդկանց կյանք են խլում` այդ թվում նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների:

Հալեպի Նոր գյուղի շրջանում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով դիպուկահարի արձակած գնդակից զոհվել էր Ջորջ Թոփալաքյանը: Երկու օր անց կրկին Նոր գյուղի շրջանում դիպուկահարի արձակած գնդակի զոհ էր դարձել Կոկո Ղազարյանը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում