Դեր Զորում սպանվել է «Ալ Իխբարիա» հեռուստաընկերության ֆոտոլրագրողը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորում զինյալների արձակած կրակոցից զոհվել է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաընկերության ֆոտոլրագրող Մուհամմադ ալ Աշրամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դեր Զորում հայտնաբերվել եւ ոչնչացվել է զինյալների թաքստոցը:
Զինված խմբավորումը հոկտեմբերի 10-ին փորձել է ներխուժել Հալեպի Օմայան մզկիթ. բախումների հետեւանքով նրանք մեծ կորուստներ են կրել, ոմանց հաջողվել է փախուստի դիմել:
Հալեպի Դաուար Աղյուր շրջանում զինված ուժերը զինյալների զենքերով լի մեքենաներ են ոչնչացրել: Զինյալների դեմ ուղղված պայքարի ժամանակ սպանվել է խմբավորման ղեկավար Ահմադ Աբու Լեյլը: Մեծ թվով զինյալներ ոչնչացվել են Քարամ ալ Ջաբալ, ինչպես նաեւ Դաուար Բաբ ալ Հադիդ շրջանում:
Դամասկոսի մոտակայքում գտնվող Ղուտայի շրջանում տարբեր տեսակի զենքեր են հայտնաբերվել, այդ թվում նաեւ` ամերիկյան արտադրության: Բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են ոչնչացվել:Հոկտեմբերի 10-ին տասնյակ զինյալներ են ոչնչացվել նաեւ Հոմսի շրջանում եւ Դարաայում:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: