Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ է շնորհել

3 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքին, եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ են շնորհվել Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին: Շքանշանների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողության ընթացքում մեծարյալների կյանքին և ազգօգուտ գործունեությանն անդրադարձել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը և դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը: Ապա«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցել են Մայր Աթոռի միաբաններ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Տ. Մուշեղ եպիկոպոս Բաբայանը:

Սաբիր Ստեփանյանին ուղղված կոնդակում, մասնավորապես, նշված էր. «Աստվածպարգև Ձեր կյանքը Դուք, որպես նվիրյալ հայորդի, ապրել եք Հայրենի մեր երկրի հանդեպ որդիական սիրով` միշտ ձգտելով Տիրոջից Ձեզ պարգևված շնորհները ծառայեցնել հավատավոր մեր ժողովրդին: Դուք բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք Խորհրդային տարիներին` նվիրյալ ջանքեր բերելով Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի առաջընթացին: Անկախությունից հետո շարունակեցիք աննվազ նախանձախնդրությամբ Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը ի սպաս դնել Հայրենիքի զորացման ու պայծառության սուրբ գործին»:

Իսկ Մանուկ Վարդանյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է եղել.

«Երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ` Դուք Ձեր կարողություններն ու փորձառությունը ի սպաս եք բերում մեր երկրի շինությանն ու պայծառությանը: Ձեր աշխատանքի մեջ արձանագրված հաջողություններն արդյունքն են Ձեր աստվածասեր ու հայրենասեր ոգու և բարեխիղճ, նախանձախնդիր ծառայության:Գոհունակություն է մեզ համար անդրադառնալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած Ձեր ծառայություններին»:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը պատվո շքանշաններ է հանձնել Սաբիր Ստեփանյանին ու Վարդան Մանուկյանին, ովքեր, իրենց հերթին, խորին շնորհակալություն են հայտնել Նորին Սրբությանը` հայրապետական բարձր գնահատանքի համար:

Հանդիսությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում