Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում է զինյալների դեմ պայքարը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանին մոտ գտվող սիրիական Հասաքե շրջանի Աբու Բաքր գյուղում զինված ուժերը մեծ թվով զինյալների են ձերբակալել եւ առգրավել նրանց զենքերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինված ուժերը Թել Աբյադի Ռակկա գյուղում սպանել են մեծ թվով զինյալների եւ նրանցերկու մեքենաները ոչնչացրել:
Հալեպի Սուքքարի թաղամասում վիրավորվելուց հետո ձերբակալվել է զինված խմբավորման ղեկավարներից մեկը:
Բախումները զինյալների հետ շարունակվում են Հոմսում եւ Դարաայում:
Սիրիայի զինված ուժերը մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել Դամասկոսի մոտակայքում գտնվող Խան աշ Շեյխ, ալ Աաբասիին, Զաքիա գյուղերում:
Արաբական մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` մինչ Սիրիան պայքարում է զինյալների դեմ, Սաուդյան Արաբիան եւ Կատարն ուղիներ են որոնում ընդդիմադիրներին զենք տրամադրելու ուղղությամբ, որի համար նրանք ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը: Կատարի արտաքին գործերի նախարար Խալիդ ալ Աատիան նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ծանր զենքեր տրամադրվեն Սիրիայի ընդդիմադիրներին եւ «դրանք այլ ձեռքերում չհայտնվեն»:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: