Միջազգային

Հալեպի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթյունից հայեր չեն տուժել

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթյունից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հոկտեմբերի 4-ի ողջ գիշերը, ինչպես նաեւ ողջ օրվա ընթացքում մարտերը շարունակվել են Բուսթան Բաշա թաղամասում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ թեպետ նշված թաղամասը հայաշատ չէ, սակայն այնտեղ են գտնվում հայապատկան բազմաթիվ խանութներ, հաստատություններ, ինչպես նաեւ հայկական ծերանոցը: Շարունակվող բախումների հետեւանքով թաղամասը մեծ նյութական վնասներ է կրել:

Ռեյիսյանը նշեց, որ հայաշատ Նոր գյուղ թաղամասում հոկտեմբերի 4-ին ռումբ է պայթել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել, եւ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել հրդեհը մարելու ուղղությամբ: Նրա խոսքով` նյութական վնասներից զատ հայեր չեն տուժել:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 3-ին Հալեպում տեղի ունեցած պայթյուններին, ապա տուժածների մեջ, մինչ այս պահը հաղորդվող տեղեկությունների համաձայն, բարեբախտաբար, հայեր չկան:

Դամասկոսի կենտրոնական շրջաններում իրավիճակն ավելի հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ սիրիահայ համայնքի աղբյուրից, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքով` բախումները շարունակվում են Դամասկոսի մոտակայքում գտնվող Ղուտայի շրջանում` ավելացնելով, որ սիրիական իշխանությունները նոր ռազմավարություն են որդեգրել. նրանք լայնածավալ գործողություններ չեն ծավալում, ավելի սահմանափակ հարձակումներ են իրականացնում զինյալների դեմ:

«Դամասկոսում իրավիճակն անհամեմատ ավելի լավ է, քան հայաշատ Հալեպում, որտեղ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած պայթյունները հսկայական վնասներ են հասցրել շրջակա տարածքներին, տարբեր հաստատությունների»,- նշեց համայնքի ներկայացուցիչը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում