Ռուսաստանը դեմ է Սիրիայում Թուրքիայի կողմից ցանկացած տեսակի ռազմական միջամտությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական լարված հարաբերությունների համատեքստում Ռուսաստանը հայտարարել է, որ դեմ է ցանկացած տեսակի ռազմական միջամտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական GazeteVatan պարբերականը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի ռազմական գործողություններին և ճամբարների ու ապաստարանների առաջացմանը»,- հայտարարել է փոխարտգործնախարարը: Նա ընդգծել է, որ պետք է հաշվի առնել սիրիացի ընդդիմադիրների կողմից սահմանին միտումնավոր սադրանքների հրահրման հնարավորությունը և չենթարկվել դրանց:
Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները հերթական անգամ սրվել էին այն բանից հետո, երբ թուրքական հրետանին Սիրիայում թիրախներ էր խոցել` դառնալով մի քանի զինվորի մահվան պատճառ: Սիրիայի Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնը հայտարարել էր, որ զինվորները զոհվել են Թուրքիայի կողմից սիրիական Թել Աբյադ քաղաքի ռազմական օբյեկտների ռմբակոծության ժամանակ:
Թուրքիայի գործողությունները պատասխան էին այդ երկրի Շանլըուրֆա շրջանի Ակչաքալե բնակավայրում սիրիական կողմից ռումբի արձակմանը, որը հինգ խաղաղ բնակչի մահվան պատճառ է դարձել: Ռումբն ընկել է Աքչաքալեի շրջանի մի տան վրա` սպանելով ընտանիքի հինգ անդամներին։ Այս միջադեպիցհետո իրադրությունը երկու երկրների միջեւ կտրուկ սրվել է: