Նախագահ Ասադի Հալեպ մեկնելու մասին հակասական լուրեր են շրջանառվում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, որՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Հալեպ չի մեկնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սրան զուգահեռ արաբական որոշ աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ նախագահ Ասադն այցելել է Հալեպ եւ ականտես է եղել ավելի քան երկու ամիս կառավարական ուժերի եւ զինված խմբավորումների միջեւծանր պայքարին:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նախագահ Ասադը չի ցանկանում վերադառնալ իր նստավայր, քանի դեռ պայքարը Հալեպում եւ շրջակա գյուղերում շարունակվում է: Հաղորդվում էր նաեւ, որ մի քանի զինվորական ստորաբաժանումներ Դեր Զորից եւ Իդլեբից ժամանել են Հալեպ` իրավիճակը վերահսկելու նպատակով:
Լիբանանյան «Դիար» թերթը տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նաեւ հրաման է արձակել 30 հազար զինվորներ, 20 հազար զրահապատ մեքենաներ եւ տեխնիկա տեղափոխել Հալեպ քաղաք` Թուրքիայի սահմանի մոտակայքում զինյալների դեմ պայքարելու նպատակով:Թերթը տեղեկացնում է, որ քաղաքի երեք քառորդ մասում վերահսկողություն սահմանող սիրիական բանակը, այժմ չի կարողանում պայքարել 18 հազարի հասնող զինյալների դեմ:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: