Միջազգային

Դամասկոսում եւ Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում եւ Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ թաղամասերում բախումները շարունակվում են, սակայն հայաշատ եւ քրիստոնեական թաղամասերում սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո եւ այսօր առավոտյան իրավիճակն ավելի հանդարտ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ սեպտեմբերի 28-ին հայկական Նոր գյուղին կից թաղամասում ուժգին կրակոցներ եւ պայթյուններ են տեղի ունեցել:

Մամլո խոսնակը նշեց, որ Կիլիկյան վարժարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել է նախակրթարանի պատը: Վարժարանի տնօրինությունը տեղեկացրել է, որ նյութական վնասները փոքր են, եւ այն անմիջապես կնորոգվի:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա դամասկոսահայերը տեղեկացրել են, որ մայրաքաղաքի կենտրոնական մասերում հանգիստ եւ կայուն իրավիճակ է, բախումները շարունակվում են ծայրամասերում: Նրանց խոսքով` զինյալները բավական կորուստներ են կրում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպի Քալլասա թաղամասում բանջարեղենի շուկայի, Ջամալ մզկիթի մոտակայքում տեղի ունեցած բախումների հետեւանքով տասնյակ զինյալներ են ոչնչացվել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում