Միջազգային

Դամասկոսում հայ երիտասարդ է առեւանգվել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում հայ երիտասարդ է առեւանգվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ օրն է` Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Երվանդ Թելյանն անհետ կորած է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի` անունը հրապարակել չցանկացող ներկայացուցիչը: Երիտասարդի ծնողները պատմում են, որ նա տնից դուրս է եկել մեքենան հարմար վայրում կայանելու համար եւ տուն չի վերադարձել: Երվանդ Թելյանի մեքենան նույնպես անհետացել է: Հայտնի է, որ Թելյանների ունեւոր ընտանիքը բնակվում է Աբբասիին հրապարակի մոտակայում: Ենթադրվում է, որ երիտասարդն առեւանգվել է, սակայն առեւանգողները մինչ այժմ կապ չեն հաստատել ծնողների հետ:

Դամասկոսում սեպտեմբերի 27-ին կյանքն ընթանում է հանգիստ, բնականոն հունով, երթեւեկությունը նորմալ է, շուկաները բաց են, պայթյուններ եւ կրակոցներ չկան, բախումները շարունակվում են ծայրամասերում:

Տեղեկություններ են ստացվել նաեւ այն մասին, որ հայկական բոլոր դպրոցներն արդեն գործում են, իսկ Ազգային Սուրբ թարգմանչաց ճեմարանն այս տարի ընդունել է իր 512 հայ աշակերտներին: Նշված թիվը հարյուրով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Սեպտեմբերի 26-ի երեկոյան Հալեպի Սուլեյմանիա եւ Թելեֆոն Հաուայե փողոցների միջեւ գտնվող ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 4 մարդ զոհվել, վիրավորվել` տասնյակից ավելի: Զոհերի թվում է Դեր Զորի բնակիչ Վարդան Մութաֆյանը եւ վիրավորների` Զարմիկ Նաջարյանը, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտ 30 հազար մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում