Սիրիայում մեկ օրում ավելի քան երեք հարյուր մարդ է զոհվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան Ալ Մայադին գործակալությունը տեղեկացրել է, որ Սիրիայի տարածքում սեպտեմբերի 26-ինավելի քան 305 մարդ է զոհվել, ինչն օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան 1.5 տարի շարունակվող բախումների շրջանակներում:
Սիրիայի զինված ուժերը շարունակում են Հալեպի թաղամասերում եւ գյուղերում հետապնդել զինված խմբավորումներին: Բախումները շարունակվել են Բուսթան Կասր թաղամասի բանջարեղենի շուկայի, նկարչության դպրոցի մոտակայքում, ինչպես նաեւ Կալլասա թաղամասի Յարմուք դպրոցի մոտակայքում, որի հետեւանքով մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Խան ալ Ասլ շրջանում զինյալների դեմ ուղղված գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նրանց թաքստոցները:Բաբ ալ Հադիդ թաղամասում զինված ուժերը ոչնչացրել են զենքերով լի բեռնատարը եւ ոստիկանական բաժանմունքի մոտակայքում սպանել մեծ թվով զինյալների:Զինյալների հետ բախումներ են տեղի ունեցել նաեւ Բաբ Նասր, Դաուար Բաբ ալ Հադիդ, Շեյխ Սայիդ, Բուսթան Բաշա եւ Սաբաա Բահրաթ թաղամասերում:
Լիբանանյան Ալ Մայադին գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը վերահսկողություն հաստատելու նպատակովմտել է մայրաքաղաղի հարավում գտնվող Հաջիրա գյուղ, եւ ակտիվիստները հայտնում են այրվող տների մասին: Ակտիվիստները նաեւ տեղեկացրել են, որ կրակոցների ձայներ լսվում են Սայիդա Զեյնաբի շրջանից: Նրանց խոսքով` տասնյակ մարդիկ Դիյաբիեի շրջանում մահապատժի են ենթարկվել:Դամասկոսի մոտակայքում գտնվող Զաբադանիի շրջանում եւս սեպտեմբերի 27-ի առավոտյան բախումներ են տեղի ունեցել:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: