Դամասկոսում դիպուկահարի գնդակից զոհվել է իրանական հեռուստաընկերության լրագրողը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում զոհվել է «Press TV» իրանական հեռուստաընկերության լրագրողը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 33-ամյա Մայա Նասերը Սիրիայի քաղաքացի է եւ զոհվել է դիպուկահարի արձակած կրակոցից այն ժամանակ, երբ ժամանել է Օմայան հրապարակ, որտեղ առավոտյան զինված ուժերի գլխավոր շտաբի մոտ երկու պայթյուն էր տեղի ունեցել:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ վիրավորվել է եւս մեկ մարդ` Լիբանանի քաղաքացի Հուսեյն Մուրթադը:
Սեպտեմբերի 26-ի առավոտյան երկու պայթյուն էր տեղի ունեցել Դամասկոսի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտակայքում: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` տեղի ունեցած պայթյունների հետեւանքով անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել: Մինչդեռ Ազատ բանակը նշում է տասնյակ զոհերի մասին: