Ֆուտբոլ

Հայաստան-Իտալիայի խաղի 3000 դրամ արժողությամբ տոմսերը վաճառքում կլինեն վաղվանից

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Իտալիայի խաղի 3000 դրամ արժողությամբ տոմսերը վաճառքում կլինեն վաղվանից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի 3000 դրամանոց տոմսերը վաճառքի կհանվեն սեպտեմբերի 27-ից: 

Մունդիալ- 2014-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառքի էին հանվել դեռ սեպտեմբերի 24-ին, սակայն 3000 դրամ արժողությամբ տոմսերը չկային վաճառքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից, յարուսի համար նախատեսված տոմսերը երկրպագուների համար հասանելի կլինեն վաղվանից` սեպտեմբերի 27-ից: Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը վաճառվում են  նաեւ «Hummel» մարզահագուստի խանութում: Բայց այնտեղ նույնպես 3000 դրամ արժեցող տոմսեր չկան: Խանութի աշխատակցի խոսքով, այդ տոմսերը կլինեն առաջիկա երկու օրերի ընթացքում:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը գրել էր, որ տոմսերի գների հետ կապված աղմուկից հետո տոմսերի գները չեն վերանայվի: «Տոմսերի գները չեն վերանայվի: Սահմանված գները միջազգային կարգին համապատասխանող են: Դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նմանատիպ միջազգային այլ հանդիպումների տոմսերի գներից: Եթե մինչ այս կար երեք «հնարավորություն», այս անգամ դրանք չորսն են` 3000, 5000, 7000 եւ 10000 դրամանոց»,-ասել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը:

Հայաստան-Իտալիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին «Հրազդան» մարզադաշտում:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում