Միջազգային

Դամասկոսում տեղի ունեցած պայթյուններից տուժածների մասին հակասական լուրեր են շրջանառվում

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում տեղի ունեցած պայթյուններից տուժածների մասին հակասական լուրեր են շրջանառվում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում սեպտեմբերի 26-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում Զինված ուժերի գլխավոր շտաբի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով մայրաքաղաքում լարված իրավիճակ է տիրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ Օմայան հրապարակի մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հարակից փողոցները փակ են: Օմայան հրապարակում կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ տեղի ունեցած կարճատեւ բախումներն այժմ դադարել են:

Ինչ վերաբերում է պայթյունի հետեւանքով տուժածներին, ապա Էլմաջյանի խոսքով, հակասական լուրեր են շրջանառվում: Ակնհայտ է, որ զինվորական ղեկավարներ չեն տուժել, քանի որ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան` ոչ աշխատանքային ժամին: Տուժածները հիմնականում անվտանգության աշխատակիցներ եւ հերթապահներ են, որոնց վերաբերյալ եւս մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում:

Սեպտեմբերի 25-ին եւս Դամասկսում բախումներ են տեղի ունեցել. փոքրաթիվ զինված խմբավորումները օդ կրակոցներ արձակելով` փորձել են լարվածություն առաջացնել բնակիչների շրջանում:

Սեպտեմբերի 26-ի առավոտյան երկու պայթյուն էր տեղի ունեցել Դամասկոսի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտակայքում: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն տեղեկացրեց, որ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել: Մինչդեռ Ազատ բանակը նշում է տասնյակ զոհերի մասին:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում