Միջազգային

Դամասկոսի գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած պայթյուններից զինվորականներ չեն տուժել

2 րոպեի ընթերցում

 Դամասկոսի գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած պայթյուններից զինվորականներ չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում զինված ուժերի գլխավոր շտաբի մոտակայքում սեպտեմբերի 26-ի առավոտյան տեղի ունեցած երկու պայթյունները միայն նյութական վնասներ են պատճառել շինությանը: Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զաաբին` ավելացնելով, որ գլխավոր շտաբի եւ Պաշտպանության նախարարության բոլոր զինվորական ղեկավարները ողջ եւ առողջ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախարարը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Պաշտպանության նախարարը կամ որեւէ այլ զինվորական ղեկավար վիրավորվել են` ավելացնելով, որ զինյալների ցանկությունն այս անգամ եւս չի իրականացել:

Սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան երկու ուժգին պայթյուն է որոտացել Դամասկոսի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի մոտակայքում: Տեղի ունեցած պայթյունից հրդեհ է բռնկվել Օմայան հրապարակում:

Տեղեկություններ են ստացվել նաեւ այն մասին, որ սեպտեմեբրի 25-ին զոհվածների զավակներին հատկացված դպրոցի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սիրիայի «Ազատ բանակը»:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում