ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակն այս պահին հանգիստ է, պայթյունների եւ կրակոցների ձայներ չեն լսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Սեպտեմբերի 25-ի երեկոյան Հալեպում պայթյունի եւ կրակոցների ձայներ են լսվել, որոնք, ենթադրվում է, որ ծայրամասերում են եղել, հայկական թաղամասերից հեռու:
Լիբանանի հայալեզու aztagdaily.com կայքը տեղեկացնում է, որ Դամասկոսի, Ղամիշլիի, Քեսաբի եւ Լաթաքիայի հայկական դպրոցներն արդեն սկսել են գործել: Հաշվի առնելով այն, որ մայրաքաղաքում իրավիճակն ավելի հանգիստ է, տեղի չորս հայկական դպրոցներ արդեն բացվել են:Սիրիայում գոյություն ունի 38 հայկական ամենօրյա եւ կիրակնօրյա դպրոց:
Տեղեկություններ են ստացվել նաեւ այն մասին, որ սեպտեմբերի 25-ին զոհվածների զավակներին հատկացված դպրոցի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սիրիայի «Ազատ բանակը»:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: