Միջազգային

Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում զոհված զինվորականների ընտանիքների երեխաներին հատկացված դպրոցում սեպտեմբերի 25-ի առավոտյան ռումբ է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով յոթ մարդ թեթեւ մարմնական վնասվածք է ստացել, իսկ շինությունը փոքր նյութական վնաս է կրել: Ականատեսները նշել են, որ սեւ ծուխը տարածվել է Դամասկոսի հարավ արեւելքում:

Դպրոցի տնօրեն Մուհամմադ Ամին Օսմանը հայտարարել է, որ իր եւ իր տեղակալի զոհվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ դպրոցը որպես զորանոց ծառայում էր անվտանգության աշխատակիցների եւ ոստիկանների համար:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը նաեւ տեղեկացրել է, որ զինված ուժերը Հալեպի Աարկուբ թաղամասը մաքրել են զինված խմբավորումներից` հայտարարելով այն անվտանգ եւ կայուն շրջան: Զինյալները մեծ կորուստներ են կրել նաեւ Դիուար Սախուր շրջանում, որտեղ պայթեցվել են նրանց մեքենաները:Ստացված տեղեկությունների համաձայն` սեպտեմբերի 25-ի գիշերը Հոմսի Բաբ Հուդ թաղամասում զինված ուժերի հետ բախումների հետեւանքով զինյալները մեծ կորուստներ են կրել:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում