Հալեպի որոշ թաղամասեր մաքրվել են զինված խմբավորումներից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են Հալեպի թաղամասերում եւ գյուղերում հետապնդել զինված խմբավորումներին` մեծ վնասներ հասցնելով նրանց:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությոնը, Հալեպի Աարկուբ շրջանում ավարտվել են զինված խմբավորումների դեմ ուղղված գործողությունները, որոնց ընթացքում հայտնաբերվել են նրանց թաքստոցները, զենքերը, ինչի արդյունքում մեծ թվով զինյալներ են սպանվել:
Բնակիչների հետ համագործակցության արդյունքում զինյալներից մաքրվել է նաեւ Ջադիդա թաղամասը: Բախումները շարունակվել են նաեւ Քարմ ալ Ջաբալ, աս Սուքքարի, Դիուար ալ Բայիդին հրապարակի մոտակայքում, որտեղ զինյալները մեծ կորուստներ են կրել:Զինված խմբավորումների դեմ պայքարը շարունակվել է նաեւ Հոմսի ալ Կուսեյր քաղաքում, Սուլաուտանիա եւ Թալբիսիա գյուղերում, որտեղ տասնյակ զինյալներ են ոչնչացվել եւ ձերբակալվել:
Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Թել Աբյադ քաղաքի Այն Արուս գյուղում զինված ուժերը հետապնդել են զինված խմբավորումներին, որոնք հարձակվել էին խաղաղ քաղաքացիների վրա: Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել:
«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին Սիրիայի տարածքում զոհվել է 12 երեխա եւ ինը կին, ինչպես նաեւ 43 մարդ է զոհվել Հալեպում եւ եւս 42-ը` Դամասկոսի գյուղերում: Ընդդիմադիրները հայտնել են, որ Սիրիայի կառավարական ուժերը հարյուրավոր բնակելի շիություններ են ոչնչացրել Դամասկոսի Կաբուն շրջանում:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: