«Միկա»-ն երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի եզրափակիչն այս անգամ կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում`գրանցելով Միկա-Ուլիս` 0-0 (11 մետրանոցներով` 5-3) հաշիվը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկու թիմերն էլ հանդիպումը մեկնարկեցին փոխադարձ գրոհներով, սակայն ցանկալի արդյունքի ոչ մեկը չհասավ: Առաջին կեսի ավարտին հանդիպումը կորցրեց իր դիտարժանությունը եւ տեմպը: Երկրորդ խաղակեսում թեեւ եւ «Միկա»-ն եւ «Ուլիս»-ը ամեն կերպ փորձում էին հակառակորդի դարպասը գրավել , բայց ապարդյուն: Միայն «Միկա»-ին էր հաջողվում իրար հաջորդող հակագրոհներ կազմակերպել, սակայն վերջին պահին դարպասը գրավումով չէր ավարտվում:
Ի վերջո` հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակով: Առաջին տասնհինգ րոպեներին ևս դարպասի գրավում չարձանագրվեց: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում ֆուտբոլիստների մոտ զգացվում էր հոգնածությունը, որն էլ ազդում էր խաղի որակի վրա:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածների ժամանակ ավելի ամուր գտնվեցին «Միկա»-ի ֆուտբոլիստների նյարդերը: Իրենց հարվածներն անվրեպ իրացին «Միկա»-ից Նարեկ Բեգլարյանը, Սարգիս Շահինյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Սեմեոն Մուրադյանը, Գեւորգ Կասպարովը, իսկ «Ուլիս»-ից` Արսեն Բալաբեկյանը, Արամ Բարեղամյանը եւ Շոթա Ջիգիան:
«Միկա» արդեն 5-րդ անգամ է մասնակցում Սուպերգավաթի եզրափակչին: Աշտարակցիներին միայն 2005-ին է հաջողվել նվաճել հանրապետության Սուպերգավաթը: