Ֆուտբոլ

Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները չեն վերանայվի

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները չեն վերանայվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները չեն վերանայվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Տոմսերի գները չեն վերանայվի: Սահմանված գները միջազգային կարգին համապատասխանող են: Դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նմանատիպ միջազգային այլ հանդիպումների տոմսերի գներից: Եթե մինչ այս կար 3 «հնարավորություն», այս անգամ 4-ն է` 3000, 5000, 7000 եւ 10000 դրամ»,-ասաց ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը:

Տոմսերի գների թանկությամբ պայմանավորված հայ երկրպագուների մի խումբ Facebook սոցիալական ցանցում ստեղծել է «Պահանջում ենք վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները» անվանմամբ խումբ: Սոցիալական ցանցի օգտատերերը հիշեցնում են, որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ «Հրազդան»-ը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին (5-10 հազար դրամ): Նրանց խոսքով` մտավախություն կա, որ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել Հայաստան-Թուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում ազգային հավաքականը կզրկվի հզոր աջակցությունից: Մինչդեռ, այս կարևորագույն խաղին մեր ազգային հավաքականը ունի մեծ աջակցության կարիք:

«Հրազդան» մարզադաշտում հոկտեմբերի 12-ինտեղի կունենա Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը. տոմսերը վաճառքի են իջնել սեպտեմբերի 24-ից: Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում:

Տոմսերի արժեքն է`

- յարուս` 3000 դրամ

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ

- արևելյան տրիբունա` 7000 դրամ

- արևմտյան տրիբունա` 10000 դրամ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում