ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի ալ Կադամ շրջանում բնակիչների կողմից ստացած տեղեկությունների համաձայն` զինված ուժերը հայտնաբերել են թաղված 25 քաղաքացիների դիակներ, որոնց առեւանգել էին զինյալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քաղաքացիների ձեռքերը եւ աչքերը կապված են եղել:
Դամասկոսի Հաջր ալ Ասուադ թաղամասում զինյալներին հետապնդելու արդյունքում տասնյակ զինյալներ են ոչնչացվել:Իրավիճակը թեպետ փոքր-ինչ կայունացել է, սակայն բախումները շարունակվել են նաեւ Հալեպի որոշ թաղամասերում: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Սուլեյման Հալաբի, Ահմադ Շաուկի եւ Բուսթան բաշա թաղամասերում հայտնաբերվել են զինյալների թաքստոցները եւ ոչնչացվել են տասնյակ զինյալներ, այդ թվում` հինգ դիպուկահարներ:
Սեպտեմբերի 21-ին Սիրիայի զինված ստորաբաժանումներից մեկը Դամասկոսի մոտակայքում գտնվող Բեյթ Ջանն գյուղում զիված խմբավորման անդամներ են ոչնչացրել, նրանցից շատերը ձերբակալվել են եւ առգրավվել են զենքերը:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: