5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Որդան կարմիր կամ Արարատյան որդան կարմիր միջատը Հայաստանումբնականոն աճով ավելանում է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասացԲնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը` պատասխանելով բնապահպանների այն մտահոգություններին, թեՈրդան կարմիր կամ Արարատյան որդան կարմիր միջատն անհետացման եզրին է:
Խնդիրների պատճառն, ըստ բնապահպանների, այն է, որ Արարատյան դաշտավայրում գտնվող «Որդան կարմիր» արգելոցը գտնվում է բարձիթողի վիճակում. այնտեղ վերահսկողություն չի կատարվում: Դեռևս 1987 թվականից գործող արգելոցը, որի տարածքը կազմում է 219.8 հա, տարածվում է երկու տարբեր գյուղերում` Ջրառատում և Արազատում: Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Որդան կարմիր» արգելավայրի ստեղծման հիմնական նպատակը միջատի պահպանության ապահովումն է, սակայն այն չի նպաստում միջատի բազմացմանը:
«Մտավախություն չկա, որ մենք կկորցնենք Որդան կարմիր միջատը: Մեզ մնում է միայն արգելոցն ավելի բարելավել և ընդլայնելտարածքները, որպեսզի բազմացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն»,-ասաց Աղասյանը` հավելելով, որ իրենք ամեն ինչ անում են, որ բիոտիպը չվերանա:
Աղասյանի դիտարկմամբ` արգելոցի ամենամեծ հարցը ցանկապատի խնդիրն է: «Բոլոր հարցերը կլուծվեն, եթե տարածքը ցանկապատվի: Այդ առիթով մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին և խնդրել զբաղվել այդ հարցով: Սակայն լուծումը դեռևս ուշանում է: Հուսամ, որ մոտ ապագայում «Որդան կարմիր» արգելոցը կցանկապատվի»,-ասաց Արամ Աղասյանը:
Բարձիթողի վիճակի պատճառը նաև պահակների բացակայությունն է: Այնտեղ անարգել տրորում են միջատներին: Իսկ վերջին շրջանում արգելավայրը դարձել է «գյուղական առևտրի վայր»:
Արգելոցին կից նաև ճանապարհ է բացվել, ինչն իր ազդեցությունն է թողնում միջատների բնականոն բազմացման վրա. մտահոգվում են բնապահմանները: Սակայն, Աղասյանի կարծիքով,այդ ճանապարհի կիրառությունըչի կարող հանգեցնել միջատի վերացմանը: «Այդ արհեստածին ճանապարհի մասին պետք է մտածեն նաև մարզպետարանն ու համայնքապետարանը: Իրենք պետք է կանխեն դա»,-ասաց Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Հայաստանի Կենդանաբանության ինստիտուտը Որդան կարմիրի ոչնչացման դեմ պայքարի այլ միջոց ունի: Այստեղի մասնագետները կարողանում են արհեստական ճանապարհով ստեղծել նման միջատներ և կիրառել դրանք: Ինստիտուտի Միջատաբանության և բնահողերի կենդանաբանության վարիչ Մարկ Քալաշյանն«Արմենպրես»-ին ասաց, որ այդ տեխնոլոգիան կիրառելի է դեռևս 1990-ականներից, սակայն այժմ չի օգտագործվում, քանի որ դրա կարիքը չկա: «Մենք ունենք նման տեխնոլոգիա, բայց չենք կիրառում, քանի որ հիմա պետք չէ, եթե կրկին պետք լինի, կանենք: Բնական Որդան կարմիրներն առայժմ հերիք են»,-ասաց Քալաշյանը` ավելացնելով, որ Արարատյան դաշտում կան տարածքներ, որտեղ միջատները խիստ պաշտպանության տակ են:
«Որդան կարմիր» արգելավայրը, որը գտնվում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ:
Որդան կարմիր միջատները հողի մակերես են դուրս գալիս տարին մեկ անգամ` սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը: Հողի մակերևույթին միջատները զուգավորվում են, որից հետո արուները սատկում են, իսկ էգերը մտնում են հողի տակ` կրկին ձվադրելու: Դրանից հետո վերջիններս ևս սատկում են:
Որդանը կատարյալ բնական ներկանյութ է, ինչը 19-րդ դարից սկսած չի կիրառվում: Պատճառը մեքսիկական որդանի` շուկա մտնելն է, որը, չնայած իր որակով զիջում է հայկականին, սակայն ավելի մատչելի է:
Արարատյան որդան կարմիր միջատը, որպես էնդեմիկ կենդանի, Հայաստանը պարտավոր է պահպանել. ընդգծում են մասնագետները: Որդան կարմիրով են նկարազարդվել Մատենադարանում պահվող հազվագյուտ եւ թանկարժեք բազմաթիվ մատյաններ, եկեղեցիների սրբանկարներ: