Միջազգային

Հալեպում իրավիճակը չսրվելու դեպքում հայկական դպրոցները կվերաբացվեն առաջիկա շաբաթվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

 Հալեպում իրավիճակը չսրվելու դեպքում հայկական դպրոցները կվերաբացվեն առաջիկա շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը սեպտեմբերի 20-ին ավելի կայուն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ բարեբախտաբար խոշոր բախումներ տեղի չեն ունեցել: Մամլո խոսնակը նաեւ նշեց, որ կրակոցները բավական քչացել են եւ ծանր հրետանի չի օգտագործվել:

«Հայկական դպրոցները դեռեւս չեն բացվել, իրավիճակի չվատանալու դեպքում ակնկալվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում դպրոցները կբացվեն»,- նշեց Ռեյիսյանը: Նրա տեղեկացմամբ` հայաշատՆոր գյուղի շրջանը զինվորականների հսկողության տակ է:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք նաեւ, որ Հալեպում համացանցը վերականգնվել է:

Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչներից եւս «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քաղաքի կենտրոնական թաղամասերում իրավիճակը բավական հանգիստ է, երթեւեկությունը նորմալ է, բախումները շարունակվում են միայն Դամասկոսի ծայրամասերում, ինչի հետեւանքով զինյալները մեծ կորուստներ են կրել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի զինված ուժերը Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Թել Աբյադ շրջանում կանխել են զինված խմբավորումների հարձակումը խաղաղ քաղաքացիների վրա` նրանց պատճառելով լուրջ վնասներ:

Թել Աբյադի շրջանում տեղի ունեցող բախումների վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում, որոնք դեռեւս ճշտվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում