Միջազգային

Հալեպի հայաշատ թաղամասերը սիրիական բանակի հսկողության տակ են. Ժիրայր Ռեյիսյան

2 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերը սիրիական բանակի հսկողության տակ են. Ժիրայր Ռեյիսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ, ինչպես նաեւ քրիստոնեական թաղամասերի մոտակայքում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ հայաշատ թաղամասերը երբեմն բախումների դաշտ են դառնում:

«Երկու կողմերը փորձում են իրենց հսկողությունը սահմանել Հալեպի թաղամասերում, սակայն, ընդհանուր առմամբ, հայաշատ եւ քրիստոնեական թաղամասերը սիրիական բանակի հսկողության տակ են»,- նշեց մամլո խոսնակը: Նա նաեւ ավելացրեց, որ նյութական մեծ վնասներ են կրել հատկապես խանութները եւ տարբեր շինություններ: Ինչ վերաբերում է Նոր գյուղից ապահով վայրեր տեղափոխված բնակիչներին, ապա վերջիններս դեռեւս չեն վերադարձել իրենց բնակավայրեր:

Ռեյիսյանը նշեց, որ ազգային իշխանությունները համաձայնության են եկել Սիրիայի Կրթության նախարարության հետ հայկական դպրոցների բացումը մեկ շաբաթով հետաձգելու համար` հույս ունենալով, որ իրավիճակն կբարելավվի:

«Հալեպի Սուլեյմանիա լրատվական ցանց» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ պայթյուններ են տեղի ունեցել Մայսալուն, Բուսթան Բաշա, Սուլեյման Հալաբի, Սուլեյմանիա, թաղամասերի մոտակայքում:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տեղի ունեցող իրադարձություններին, ապա սիրիահայ համայնքի ներակայացուցչից տեղեկացանք, որ մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է, բախումներ են տեղի ունենում ծայրամասերում, մասնավորապես Հաջր Ասուադի շրջանում, որտեղ կենտրոնացել են զինված խմբավորումները:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում