Սիրիայում շարունակվում է պայքարը զինված խմբավորումների դեմ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Սիրիայի տարբեր շրջաններում շարունակվում է զինյալների դեմ պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սեպտեմբերի 17-ին զինյալների հետ բախումներ են տեղի ունեցել Դարաայի շրջանում, որտեղ նրանք մեծ կորուստներ են կրել, առգրավվել են զենքերը: Բախումները շարունակվել են նաեւ Համայի շրջանում, որտեղ հատուկ ծառայության ուժերը Շեյհա գյուղի տներից մեկում հայտնաբերել են զինված խմբավորման թաքստոցը, ինչպես նաեւ տարբեր տեսակի զենքեր եւ դեղահաբեր:
Բախումներ են տեղի ունեցել նաեւ Դամասկոսի գյուղերում Հաջր Ասուադ, Աասալի շրջաններում, որտեղ եւս մեծ թվով զինյալներ են ոչնչացվել: Հոմսի Բաբ Հուդ թաղամասում զինյալները բախումների արդյունքում մեծ կորուստներ են կրել: Իսկ Նակիրա շրջանում կանխվել է զինյալների հարձակումն անվտանգության աշխատակիցների վրա: Զինյալների դեմ պայքարը շարունակվել է նաեւ Հալեպի թաղմասերում: Ղարբի Զահրա թաղամասում նրանք փորձել են կենտրոն ներխուժել, ինչի հետեւանքով մեծ կորուստներ են կրել: Քաֆր Համրա եւ Մանսուրա շրջանների միջեւ ոչնչացվել են զինյալների վեց մեքենաներ:
«Ալ Ջազիրան» իր հերթին տեղեկացնում է, որ Սիրիայի տարածքում վերջին օրերի ընթացքում 126 մարդ է զոհվել, այդ թվում` ինը կին եւ չորս երեխա: Կայքը նաեւ տեղեկացրել է, որ ընդդիմադիրների խոսքով` Սիրիայի ազատ բանակը հսկողություն է սահմանել Ռակկայի Թել Աբյադ գյուղաքաղաքում:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: