Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը բացահայտել է Ալիեւի կեղծիքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը` Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` պարզաբանելով 2001թ.-ին Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված Վարուժան Կարապետյանին ներում շնորհելու մասին լուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն` այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի: Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության:Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում»: