Միջազգային

Հալեպում բախումների հետեւանքով հայ երիտասարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Հալեպում բախումների հետեւանքով հայ երիտասարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում երեկ եւ այսօր իրավիճակը նախորդ օրերի համեմատ փոքր ինչ հանդարտվել է, թեեւ այսօր եւս կրակոցների ձայներ են լսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նրա տեղեկացմամբ, Նոր գյուղի շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով նախօրեին զոհվել է հայազգի Վարդան Բյուրքլյանը: «Սիրիահայ շտապ օգնության» հանձնախումբը թեեւ շատ արագ օգնության է հասել` երիտասարդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով, այնուհանդերձ, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Սեպետեմբերի 9-ին Նոր գյուղի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ տեղի հայերին պատկանող խանութներ, դրանցից մի քանիսն ամբողջովին քանդվել են:Ինչ վերաբերում է սեպտեմբերի 9-ի երեկոյան քաղաքային մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունին, ապա, մամլո խոսնակի փոխանցմամբ, տուժածների մեջ, բարեբախտաբար, հայեր չկան:

Ռեիսյանը նաեւ նշեց, որ կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով ջրամբար է վնասվել, որոշ թաղամասերում նաեւ դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը եւ ջրամատակարարումը: Պետական կայույցներն անմիջապես միջոցներ են ձեռնարկել վերականգնելու էլեկտրականությունն ու ջրամատակարարումը: Շարունակվող բախումների պատճառով վերականգնողական աշխատանքներվ արագ չեն ընթանքում: Իսկ տեղեկություններն այն մասին, որ ջուրը թունավորված է` Ռեիսյանը հերքում է եւ պնդում, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:Հալեպում զգալիորեն բարձրացել են նաեւ առաջին անհրաժեշտության մթերքների գները:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ, այդ թվում` մեկ տասնյակից ավելի սիրիահայ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում