Ֆրանկ Վեստերմանը «երկաթե վարագույրների» բացվելուց հետո Արարատ լեռը կբարձրանա Հայաստանի կողմից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատ լեռը բազմաթիվ արվեստագետների ներշնչանքի աղբյուր է. գաղտնիք չէ նաեւ խորհրդավոր եւ սիմվոլիկ ուժի առկայությունը, որը փոխանցվում է բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են ըմբռնել հենց այդ խորհրդավորության գաղտնիքը: Նման մի փորձ է կատարել հոլանդացի գրող Ֆրանկ Վեստերմանն իր «Արարատ» գրքում, որի հայերեն թարգմանության շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 15-ին Երեւանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտում: Մինչ Հայաստան ժամանելը գրողը գրքի մասին պատմել է«Արմենպրես»-ի թղթակցին: Հայ ընթերցողին ներկայացվող գրքի բովանդակության առանցքում են Աստվածաշնչյան լեռը, Նոյյան տապանի որոնումները,բանականության եւ կրոնի վերաբերյալ վերլուծություններ։

-Պարո'ն Վեստերման, ինչո՞ւ որոշեցիք գրել Արարատի եւ Հայաստանի մասին:

-Արարատի մասին իմ մտապատկերն ուրվագծվել է աստվածաշնչյան ջրհեղեղի պատմությունից: Ես մեծացել եմ բողոքականների ընտանիքում` Հոլանդիայի արվարձաններից մեկում եւ հայերը, որոնք ապրում էին իմ հայրենի քաղաքում` Ասենում, գաղթել էին Թուրքիայից, որտեղ հետապնդվել էին միայն իրենց հավատի եւ ինքնության համար: Սա ամենն էր, ինչ ես գիտեի: Շատ տարիներ անց` 1999 թ.-ին, երբ ես թղթակցում էի թերթերից մեկին, առաջին անգամ իմ կյանքում տեսա Արարատ լեռը Երեւանի կողմից: Ես ապշած էի լեռան գեղեցկությունից, հզոր սիմվոլիկայից, տպավորիչ աշխարհագրական դիրքից: Ես միանգամից ցանկացա գնալ այնտեղ, բայց իհարկե Խոր Վիրապից ավելի մոտ գնալ չկարողացա: Միայն մի քանի տարի անց, երբ ես հայր դարձա, որոշեցի բարձրանալ Արարատ լեռը եւ գրել հետազոտական աշխատանք` նվիրված իմ դստերը` Վերային:

՞նչ տեսանկյունից եք մոտեցել բիբլիական սարին` Արարատին:

-Ես դիտարկում էի Արարատը որպես լեռ, որը խոսում է մարդկության հետ որպես ամբողջության: Այն տիեզերական խորհրդանիշ է, որը վեր է տարածաշրջանում առկա վերքերից եւ բաժանումներից: Ես փորձում էի ընդգծել նրա եզակիությունը` պատմելով իմ անձնական տպավորությունների մասին: Ես փորձում էի լսել, թե ինչ էր ուզում այս փառահեղ սարը ասել ինձ` մի մարդու որը կորցրել էր իր մանկության հանդեպ հավատը եւ իրեն տեսնում էր առավելապես որպես բանական մարդ: Ես ինձ այս հարցերն էի տալիս. «Որտեղ է իմ երեխաների աստվածաշնչում առկա Աստվածը», «Եվ ով կամ ինչն է փոխարինել նրան»: Իմ գրքում Արարատը կրողն է փաստերի եւ հավատի, գիտության եւ կրոնի, երկրաբանության եւ առասպելաբանության: Նրա գագաթն ինձ համար խորհրդանշում է վայրը, որտեղ պատմությունն ու լեռները միանում են, եւ դա հենց այն վայրն է, որտեղ ես ցանկանում եմ գնալ:

-Ի՞նչ հարցեր եք բարձրացրել Ձեր գրքում` կապված պատմական Հայաստանում գտնվող լեռան հետ:

-Դեպի գագաթ տանող ճանապարհին ես մի քանի հիմնովին ընտրված «թեքություններ», «շեղումներ» նկատեցի` ժամանակի եւ տարածության մեջ....այդ ամենն առնչվում էր կամ գիտությանը, կամ կրոնին: Հայաստանում այս «շեղումներին» անդրադառնում են երեւանցի ժամանակակից մի քանի սեյսմոլոգներ եւ հրաբխագետներ եւ էջմիածինցի մի հոգեւորական: Ես նաեւ այցելեցի Արջերի քարանձավ` այդ ընթացքում վերահաշվարկելով եւ խորհելով Աբովյանի եւ Պարոտի Արարատի գագաթի նվաճման հաղթահարման մասին:

-Ե՞րբ եք գրել գիրքը: Ցանկանո՞ւմ եք մեկ անգամ եւս բարձրանալ լեռը:

-Ես բարձրացել եմ Արարատ լեռը 2005թ. սեպտեմբերին եւ դրանից հետո անմիջապես սկսեցի գրել գիրքը: Ես խոստանում եմ, երբ երկաթե վարագույրների վերջին շերտերը մի օր բացվեն, ես կրկին կբարձրանամ Արարատ լեռը` այս անգամ Հայաստանի կողմից:

-Քանի՞ լեզուներով է գիրքն այժմ թարգմանված:

-Ներառյալ հայերենը, այժմ իմ գիրքը հասանելի է տասը լեզուներով:Ես անհամբերությամբ սպասում եմ սեպտեմբերի 15-ին, երբ կկարողանամ ներկայացնել գիրքը Հայաստանում: Եվ փաստը, որ ես այն ներկայացնելու եմ լեգենդար Մատենադարանում, անգնահատելի պատիվ է ինձ համար:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա