Վարդան Մինասյանը կարեւորը Հայաստանի թիմի երեք միավորն է համարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի և Հայաստանի ազգային հավաքականների 2014թ. աշխարհի գավաթի ընտրական հանդիպման ավարտից հետո «Տա Կալի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Ինչպես«Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հանդիպման ընթացքի և արդյունքի մասին Վարդան Մինասյանը ասել է, որ դժվար հանդիպում էր: Մարզիչը նշել է, որ նման կարգի թիմերի դեմ միշտ էլ դժվար է լինում և պետք է շուտ արդյունքի հասնել` հետագայում խնդիրներ չունենալու նպատակով:Շնորհիվ Արթուր Սարկիսովի խփած միակ գնդակի` Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 1:0 հաշվով:«Չէի ասի, որ մենք լավ էինք խաղում, բայց կարևորը 3 միավորն է», - ասել է Վարդան Մինասյանը:
Անդրադառնալով Արթուր Սարկիսովին և Գևորգ Ղազարյանին վերաբերվող հարցերին` Վարդան Մինասյանը պատասախանել է, որ Սարկիսովը այս խաղում գործել է հարձակման աջ եզրում: Դա պայմանավորված էր նրանով, որ Արթուրը իր ակումբում՝ «Վոլգայում», խաղում է այդ դիրքում, բացի այդ հանդիպման հաշիվը պարտադրել էր հարձակվողական ոճի ֆուտբոլիստ ներգրավել խաղի մեջ: Ինչ վերաբերվում է Գևորգ Ղազարյանին, ապա Վարդան Մինասյանը հույս է հայտնել, որ Գևորգը կկարողանա մասնակցել Բուլղարիայի հավաքականի հետ խաղում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Մունդիալ» 2014-ի շրջանակներում իր հաջորդ հանդիպումը կացկացնի սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի հետ: Հանդիպումը կկայանա Սոֆիայում Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: