Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Մալթայի թիմին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումը մեկնարկեց երկուստեք գրոհներով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ամեն կերպ փորձում էին գտնել Մալթայի հավաքականի դարպասը տանող ամենադիպուկ ուղին, սակայն գրոհի վերջնամասում ֆուտբոլիստները հաջողության չէին հասնում: Մալթայի ընտրանին ամեն կերպ փորձում էր «ժամանակ ձգել»` անցնելով հակագրոհների:
Իրենց ընձեռված հնարավորությունները չօգտագործեցին Լեւոն Հայրապետյանը, Յուրա Մովսիսյանն եւ Հենրիկ Մխիթարյանը: Առաջին խաղակեսի ավարտին առավելությունը մեր ընտրանու կողմն էր: Բայց սպասված արդյունքը չկար:
Հանդիպման 30-րդ րոպեին Մարկոս Պիզզելին հուժկու հարվածեց դեպի մրցակցի դարպասը, գնդակն անդրադարձով հատեց եզրային գիծը, սակայն եւ գլխավոր, եւ եզրային մրցավարները չհաշվեցին այն: Հանդիպման գլխավոր մարցավարը առաջին կեսին ոչ մի րոպե չավելացրեց: Ի վերջո, թիմերը հանգստի գնացին զրոյական` ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ խաղակեսին մեկնարկային րոպեներին Վարդան Մինասյանը խաղադաշտ մտցրեց Դավիթ Մանոյանին, ով փոխարինեց Արտակ Եդիգարյանին: Փոփոխությունը աշխուժություն մտցրեց խաղադաշտում: Մեր տղաները ավելի երկար սկսեցին տիրել գնդակին, եւ գրոհներն ավելի հաճախակի դարձան:
Փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը մրցակցի դարպասը գրավեց` գնդակը ստանալով Յուրա Մովսիսյանից` 0-1: Մալթայի հավաքականը նետվեց հետ բերելու կորցրածը, մեր ֆուտբոլիստներն անցան պաշտպանության: Կարողանալով հրաշալի պաշտպանվել եւ միաժամանակ անցնելով հարձակման` մեր ընտրանին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում տարավ իր առաջին հաղթանակը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Սոֆիայի քաղաքային մարզադաշտում Երեւանի ժամանակով 22.00-ին: