Մալթա-Հայաստան. հաշիվը չի բացվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը. հաշիվը չի բացվել` 0-0:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումը մեկնարկեց երկուստեք գրոհներով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ամեն կերպ փորձում էին գտնել Մալթայի հավաքականի դարպասը տանող ամենադիպուկ ուղին, սակայն գրոհի վերջնամասում ֆուտբոլիստները հաջողության չէին հասնում: Մալթայի ընտրանին ամեն կերպ փորձում էր, այսպես ասած, ժամանակ ձգել` անցնելով հակագրոհների:
Իրենց ընձեռված հնարավորությունները չօգտագործեցին Լեւոն Հայրապետյանը, Յուրա Մովսիսյանը եւ Հենրիկ Մխիթարյանը: Առաջին խաղակեսի ավարտին առավելությունը մեր ընտրանու կողմն էր: Բայց սպասված արդյունքը չկար:
Հանդիպման 30-րդ րոպեին Մարկոս Պիզզելին հուժկու հարվածեց դեպի մրցակցի դարպասը, գնդակն անդրադարձով հատեց եզրային գիծը, սակայն եւ գլխավոր, եւ եզրային մրցավարները չհաշվեցին այն: Հանդիպման գլխավոր մարցավարը առաջին կեսին ոչ մի րոպե չավելացրեց: Ի վերջո, թիմերը հանգստի գնացին զրոյական` ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Սոֆիայի քաղաքային մարզադաշտում Երեւանի ժամանակով 22.00-ին: