Էրդողանը կրկին «պատրաստ է» բացելու Թուրքիայի պատմության արխիվները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստ է օրակարգ բերել սեփական պատմության դառը իրադարձությունները, զբաղվել ինքնաքննադատությամբ և անհրաժեշտության դեպքում ընդունել սեփական սխալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Aksam պարբերականը, այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլում կայացած «Արաբական վերածնունդն ու խաղաղությունը Մերձավոր Արևելքում» համաժողովի ժամանակ:

Էրդողանը, անդրադառնալով Հայկական հարցին, հերթական անգամ նշել է, որ Թուրքիան պատրաստ է բաց անել պատմության արխիվները և պատմական փաստերը քննարկել պատմաբանների, գիտնականների և ակադեմիկոսների հետ: Խոսելով Թուրքիայում բնակվող տարբեր կրոնական պատկանելություն ունեցող անձանց մասին` Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք «անկեղծորեն ամեն բան անում են, որպեսզի նրանք ևս երկրում ընդունվեն որպես առաջին կարգի քաղաքացիներ»:

Այսպիսով թուրքական իշխանությունները, հերթական անգամ առաջ քաշելով պատմաբանների հանձանաժողով ստեղծելու և պատմության արխիվները բացելու թուրքական պետության առաջարկը, փորձում են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ մերժել են պաշտոնական Անկարայի առաջարկը: «Բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ»,- այս կապակցությամբ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայերեն Русский