Ֆուտբոլ

ՀՖՖ նախագահի խոսքով` Հայաստան-Իտալիա խաղին պատրաստ են թե մեր ֆուտբոլիստները, թե բարեկարգված «Հրազդան» մարզադաշտը

3 րոպեի ընթերցում

ՀՖՖ նախագահի խոսքով` Հայաստան-Իտալիա խաղին պատրաստ են թե մեր ֆուտբոլիստները, թե բարեկարգված «Հրազդան» մարզադաշտը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ նոր լուսային համակարգի եւ մեծ տեսաէկրանների փորձարկումն ու թեստավորումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, նոր լուսային համակարգը եւ մեծ տեսաէկրանները, որոնք «Հրազդան» մարզադաշտում տեղադրվել են արտադրող ընկերությունների ներկայացուցիչների, հրավիրված մասնագետների, ծրագրավորողների մասնակցությամբ, միանգամայն համապատասխանեցված են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին: Դրանք համապատասխանեցված են նաեւ ֆուտբոլային միջազգային հանդիպումների հեռուստահեռարձակման բոլոր չափորոշիչներին, որոնք ընդունված են եւ պահանջվում են հեռարձակող ընկերությունների կողմից: Փորձարկման ընթացքում տեսաէկրաններին տրվեց ուղիղ հեռարձակման տեսապատկերը, որն ուղղակի հիացրեց ներկաներին: Լուսային նոր համակարգը մեծ հնարավորություններ է ընձեռում նաեւ ֆոտոլրագրողներին, ովքեր կարող են ստանալ բարձր որակյալ պատկեր:

Զրուցելով լրագրողների հետ` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ «Հրազդան» մարզադաշտում կատարվել է մեծ ծավալի աշխատանք, բայց դեռ էական անելիքներ կան, որոնք նաեւ մատնանշվել են միջազգային ֆուտբոլային գերատեսչությունների տեսչական խմբերի կողմից:

ՀՖՖ նախագահը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վերջերս այցելել էր մարզադաշտ` ծանոթանալու աշխատանքների ընթացքին, հանձնարարել է, որպեսզի «Հրազդան» մարզադաշտն ունենա ամբողջական ծածկ: Նրա տեղեկացմամբ` արդեն տրվել են հանձնարարականներ ճարտարապետական խմբերին, որպեսզի մշակվի համապատասխան նախագիծ, որը կպահպանի նաեւ «Հրազդանի» ճարտարապետական տեսքը:

ՀՖՖ նախագահը նշեց, որ աշխարհի կատարյալ մարզադաշտերի նման «Հրազդան» ունենալու համար առաջիկա տարիներին մինչեւ քսան միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի, իսկ Իտալիա-Հայաստան հանդիպմանը «Հրազդանը» կլինի ամբողջովին պատրաստ եւ համապատասխան այն չափորոշիչներին, որոնք ընդունված են: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականը նույնպես պատրաստ է, կատարվել է նախապատրաստական մեծ աշխատանք, տեղի են ունեցել ընկերական հանդիպումներ: Նա կոչ արեց մեր ֆուտբոլի երկրպագուներին, որ «Հրազդանը» միշտ պահեն լեփ-լեցուն եւ ոգեւորեն մեր ազգային հավաքականին:

Ֆոտոները` «Արմենպրես»-ի արխիվից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում