Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստվել Մալթայի և Բուլղարիայի հետ հանդիպումներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ նախապատրաստվում է սեպտեբերի 7-ին և 11-ին Աշխարհի 2014 թվականի առաջանության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Մալթայի ու Բուլղարիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ հավաքականի բաց մարզումը, որին մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները. բացակայում էին Ռոման Բերեզովսկին, ով որակազրկված է և բաց է թողնելու Մալքայի հետ խաղն ու հավաքականին կմիանա ավելի ուշ, ինչպես նաև Գևորգ Ղազարյանը, ով վատառող էր:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը մեծապես կարևորեց Մալթայի հետ մրցավեճում հաղթանակը, այլապես, նրա խոսքով, որևէ իմաստ չի լինի խոսել Բուլղարիայի և Իտալիայի հետ խաղերում հաջողության հասնելու մասին: «Առաջիկա խաղերը դժվար են լինելու, քանի որ մրցակցի հարկի տակ ենք խաղալու, բայց մրցակիցները ևս զգուշանալու են մեր թիմից, քանի որ գիտեն, որ մենք արագ հարձակվողներ ունենք: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականին երկրպագելու համար Բուլղարիա են ժամանելու բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր մշտապես աջակցում են մեզ»,- նշեց Մովսիսյանը:
Որպես հաջողության հասնելու գրավական` Մովսիսյանը կարևորեց նաև մեր ընտրանու ֆուտբոլիստների` Մխիթարյանի, Ղազարյանի, Մարկոսի, Արաս Օզբիլիզի լավ մարզավիճակում լինելը և հատկապես Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնություններում հաջող հանդես գալը:
Արաս Օզբիլիսն էլ հույս հայտնեց, որ առաջիկա երկու հանդիպումներում մեր թիմը կվաստակի վեց միավոր: «Լավագույնս նախապատրաստվելու քիչ ժամանակ ունենք, բայց հույս ունենք, որ լավ արդյունք կլինի երկու խաղերից հետո»,- ասաց Կրասնոդարի «Կուբան»-ում հանդես եկող Օզբիլիսը: