ՏԻՄ արդար ընտրությունների անցկացումը ՀՀԿ-ի համար կարևորագույն խնդիր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական ինքնակառավարման մարմինների արդար ընտրությունների անցկացումը ՀՀԿ-ի համար կարևորագույն խնդիր է, որը լուրջ նշանակություն կունենա երկրի ապագայի հարցում: Սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: «Մեր խնդիրն է, որ ՏԻՄ ընտրություններն անցնեն առանց որևէ էքսցեսների և օրենքի սահմաններում: Կարծում եմ, որ ՏԻՄ ընտրություններից հետո մենք համայնքներում կունենանք ավելի շատ տեղեր մեր կուսակցության անդամներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Պատգամավորի կարծիքով` հանրապետության տարբեր համայնքներում տեղի ունեցող միջադեպերը ընտրությունների հետ անհարկի կապելը ճիշտ չէ: «Շատ-շատերը իրենց անձնական հարցերը փորձում են լուծել նախընտրական պայքարի ընթացքում և դրանով ընտրությունների վրա ստվեր գցել»,-ասաց Ավետիսյանը: Նա Գյումրիում նախորդ ընտրությունների համեմատ պասիվություն է կանխատեսում, ինչը պայմանավորված է Սամվել Բալասանյանի ակնհայտ ֆավորիտությամբ: «Մարդկանց մոտ մի տեսակ հանգիստ վիճակ է, բոլորը արդեն համակերպվել են, որ հաղթողի գլխավոր հավակնորդը Սամվել Բալասանյանն է»-ընդգծեց բանախոսը: Հայաստանի մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 9-ին և 23-ին:

Անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ հանած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ամոթալի դեպքին՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ դա իր ազդեցությունը կունենա ԼՂՀ բանակցային գործընթացում: «Կարծում եմ, որ սա խաղաքարտ է մեզ համար ու եթե Ադրբեջանի կլանը նման քայլի է դիմում, էլ ինչ բանակցությունների մասին է խոսքը,անհրաժեշտ է վերանայել Մինսկի խմբի ֆորմատը և կարծում եմ, որ այն կվերանայվի»,-ընդգծեց նա:

Հայերեն