Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

2 րոպեի ընթերցում

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ դեր է խաղացել Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում, որն, ըստ Կոբախիձեի, կշարունակվի նաև Հայաստանում կայացած ընտրություններից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։

«Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակվեն»,-ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը միաժամանակ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս դերը հայ-վրացական հարաբերություններում։  

«Փաշինյանի անձնական դերը Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում շատ կարևոր է», - ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։  Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին մի քանի այլ քաղաքական ուժեր ևս։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում