ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ջառամանա արվարձանի Թիշրին թաղամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 12 եւ վիրավորվել 48 մարդ, որոնց թվում կան երեխաներ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են: Պայթյունը տեղի է ունեցել երկու երիտասարդների թաղման արարողության ժամանակ, ովքեր զոհվել էին նախորդ օրը Ջառամանայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի տեղեկություններով` ճշգրտվող հաշվարկով Ջառամանայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 27-ի:
Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ պայմաններում օգոստոսի 28-ին երեք հայազգիներ են սպանվել:
Սիրիայի զինված ուժերը շարունակում են Հալեպի տարբեր թաղամասերում հետապնդել զինված խմբավորումներին: Հալեպի Սալահ ադ Դին թաղմասում մեծ թվով զինյալներ են ձերբակալվել, վիրավորվել, ոչնչացվել են նրանց երեք ավտոմենքենաները, ինչպես նաեւ կանխվել է Սաքրի թաղամասից զինյալների ներխուժումը Սեյֆ ադ Դաուլա:
Բախումներ են տեղի ունեցել նաեւ ալ Բանդարա, Իզաա, Շեյխ Սայիդ, Աշրաֆիա թաղամասերում, որտեղ առգրավվել են զինյալների մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենքեր, զինամթերք, նրանցից շատերը ձերբակալվել, վիրավորվել եւ սպանվել են:
Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել մոտ 2 հազար 500 սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել ավելի քան 41 ընտանիք: