ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դամասկոսի ամենամոտ եւ ապահով Ջառամանա արվարձանում, որտեղ 70 տոկոս բնակչությունը քրիստոնյա է եւ ավելի քան 250 հայ ընտանիք է ապրում, այս գիշեր 2 ականապատ մեքենա է պայթել: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Ջառամանայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Սիրիահայերի ֆեյսբուքյան էջից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ օգոստոսի 27-ին Դամասկոսի համար բավական ծանր օր է եղել, քաղաք տանող գրեթե բոլոր ճանապարհները փակ են եղել, անդադար ռմբակոծություն է տեղի ունեցել եւ շատ տներ են ավերվել:
Հալեպի թաղամասերում օգոսստոսի 27-ի լույս 28-ի գիշերը համեմատաբար խաղաղ է անցել: Կրակոցների ձայներ լսվել են եւ այժմ էլ կան, սակայն լինում են պահեր, որ դրանք բավականին երկար են տեւում, որոշ ժամանակ էլ` շատ կարճ:Հեռախոսակապը մոտ մեկ շաբաթ գործել է, սակայն օգոստոսի 27-ի կեսօրին կրկին խափանվել: Չի գործում նաեւ համացանցը. էլեկտրականությունը չի խափանվում:Երեկ կեսօրինհայաշատ թաղամասերին բավական մոտ եղել են շատ ուժեղ ռմբակոծություններ, որոնք կարճ են տեւել:
Սիրիայի զինված ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Հալեպի ալ Իզաա, Աամարիա, Թել ազ Զարազիր թաղամասերը մաքրել են զինյալներից, նրանցից շատերը սպանվել են եւ ոչնչացվել, իսկ զենքերն առեւանգվել են: Զինված ուժերը հաջողությունների են հասել նաեւ Սեյֆ ադ Դաուլա, Մասաքին Հանանու թաղամասերում:Բախումներ են տեղի ունեցել Հասաքե քաղաքում, Դարաայի շրջանում, Իդլեբում,որտեղ զինյալները մեծ կորուստներ են կրել, մեծ քանակությամբ զենքեր եւ զինամթերք է առգրավվել:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Իրանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Սիրիան ամեն գնով կպաշտպանի իր երկիրը: